Սույն Էթիկայի կոդեքսը (այսուհետ՝ Կոդեքս) սահմանում է ՀՀԱ անդամների (այսուհետ՝ Մասնագետ) պրոֆեսիոնալ գործունեության, բարոյական վարքագծի և պատասխանատվության հիմնարար սկզբունքները։ Կոդեքսի նպատակն է պաշտպանել այցելուների (շահառուների) շահերը, ապահովել թերապևտիկ ծառայությունների բարձր որակը և պահպանել հիպնոթերապևտի մասնագիտության հեղինակությունը Հայաստանում։
ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Այցելուի բարօրություն և «Մի՛ վնասիր»
Այցելուի հոգեկան և ֆիզիկական առողջությունը բացարձակ առաջնահերթություն է։
Արդարություն և Հավասարություն
Մասնագիտական աջակցությունը ցուցաբերվում է առանց խտրականության՝ անկախ այցելուի ռասայից, սեռից, տարիքից, ազգությունից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։
Ազնվություն և Անկեղծություն
Մասնագետը պարտավոր է լինել օբյեկտիվ, թափանցիկ և զերծ մնալ ստից կամ մանիպուլյացիաներից։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Որակավորման սահմանները
Մասնագետն իրավունք ունի կիրառելու հիպնոսի միայն այն մեթոդներն ու տեխնիկաները, որոնց գծով ունի հաստատված կրթություն և պրակտիկ հմտություններ։
Բժշկական և հոգեբուժական գործունեության սահմաններ
Եթե Մասնագետը չունի բժշկական (հոգեբուժական) կրթություն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա, նրան խիստ արգելվում է իրականացնել կլինիկական հոգեբուժական ախտորոշում, նշանակել կամ չեղարկել դեղորայքային բուժումը։ Կլինիկական դեպքերի հետ աշխատելիս նա պարտավոր է համագործակցել այցելուի բուժող բժշկի/հոգեբույժի հետ։
Սեփական վիճակի վերահսկում
Մասնագետը չպետք է իրականացնի թերապևտիկ սեանսներ, եթե նրա հոգեկան կամ ֆիզիկական վիճակը (հիվանդություն, հուզական այրում, անձնական ճգնաժամ, սթրես) կարող է բացասաբար անդրադառնալ աշխատանքի որակի վրա։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Մասնագետն իրավունք ունի խախտել գաղտնիությունը միայն հետևյալ ծայրահեղ դեպքերում.
Առկա է հստակ և անմիջական վտանգ այցելուի կյանքի համար (ինքնասպանության ռիսկ)։
Առկա է հստակ վտանգ այլ անձանց կյանքի կամ անվտանգության համար։
Դատարանի պաշտոնական, օրինական ուժի մեջ մտած հարցման առկայության դեպքում։
Նշված դեպքերում ևս տեղեկատվությունը փոխանցվում է նվազագույն անհրաժեշտ ծավալով և հնարավորության դեպքում՝ այցելուին նախապես տեղեկացնելուց հետո։
ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Մինչև թերապիայի սկիզբը, առաջին հանդիպման ընթացքում, Մասնագետը պարտավոր է այցելուին մատչելի լեզվով բացատրել.
Ինչ է հիպնոսը/հիպնոթերապիան (կոտրելով առասպելներն ու թյուր պատկերացումները)։
Աշխատանքի մեթոդները, տևողությունը և ակնկալվող արդյունքները։
Ծառայությունների արժեքը, վճարման և սեանսների չեղարկման կանոնները։
Այցելուի իրավունքը՝ ցանկացած պահի ընդհատելու սեանսը կամ դադարեցնելու թերապիան։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ
Երկակի հարաբերություններ․ Շահերի բախումից և հաճախորդի սուբյեկտիվ ընկալումներից խուսափելու համար Մասնագետին արգելվում է թերապևտիկ հարաբերությունների մեջ մտնել նրա ընտանիքի անդամների, մոտ ընկերների, գործընկերների կամ ուղիղ ենթակաների հետ
Սեքսուալ և ռոմանտիկ հարաբերություններ․ Խիստ անընդունելի և էթիկապես պատժելի է որևէ սեքսուալ կամ ռոմանտիկ բնույթի հարաբերություն այցելուի հետ թերապիայի ընթացքում
Ֆիզիկական հպում (Կոնտակտ)․ Հիպնոսի ընթացքում ֆիզիկական հպումը (օրինակ՝ ձեռքը ճակատին կամ ուսին դնելը՝ տրանսի խորացման համար) թույլատրելի է միայն այցելուի նախնական, հստակ և բանավոր/գրավոր համաձայնության դեպքում
ԳՈՎԱԶԴ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՐՊԱՐ
Մասնագետը պետք է ազնիվ լինի հանրային տիրույթում
Ճշգրիտ տեղեկատվություն
Գովազդներում, սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն) և կայքերում արգելվում է նշել այն կրթական աստիճանների կամ տիտղոսների մասին, որոնք մասնագետը չունի
Գիտական մոտեցում
Մասնագետը պարտավոր է աշխատանքի ընթացքում և սոցիալական հարթակներում պահպանել հիպնոսի և հիպնոթերապիայի վերաբերյալ միայն գիտականորեն հիմնավորված սկզբունքները
100% արդյունքի երաշխիքի արգելք
Հաշվի առնելով մարդկային հոգեկանի առանձնահատկությունները՝ Մասնագետն իրավունք չունի գովազդում տալ «100%-անոց հաջողության երաշխիք» կամ խոստանալ «հրաշքով ակնթարթային բուժում»
Այցելուների կարծիքներ (Reviews)
Թույլատրվում է հրապարակել այցելուների կարծիքները միայն նրանց անանունության պահպանման և բացարձակ գրավոր համաձայնության դեպքում (առանց հոգեբանական ճնշման)
ԷԹԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Կոդեքսի պահպանմանը հետևում է ՀՀԱ Էթիկայի հանձնաժողովը
Քայլ 1. Բողոքի ստացում և գրանցում:
Այցելուի կամ գործընկերոջ կողմից ներկայացվում է գրավոր դիմում-բողոք՝ հստակ փաստերով և հնարավոր ապացույցներով։ Անանուն բողոքները քննության չեն առնվում
Քայլ 2․ Նախնական ուսումնասիրություն և Մեդիացիա
Մինչև 30 օր. Հանձնաժողովը ծանոթանում է գործին, լսում է պատասխանող Մասնագետի բացատրությունը։ Թեթև վեճերի դեպքում փորձ է արվում կիրառել մեդիացիա (հաշտարարություն)՝ կողմերի միջև՝ խնդիրը հարթելու համար
Քայլ 3․ Լսումներ և Որոշման կայացում
Եթե հաշտեցումն անհնար է կամ խախտումը կոպիտ է, հանձնաժողովը հրավիրում է հատուկ նիստ, վերլուծում է էթիկական նորմերը և ձայների մեծամասնությամբ կայացնում որոշում (նկատողություն, կասեցում կամ վտարում Ասոցիացիայից)